Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը, որոնք իրենց ելույթներում նշել են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Յենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։








































