Լայպցիգի համալսարանը նոր կանոնադրությունում իր բոլոր աշխատակիցների և սովորողների նշանակությունը հաստատել է իգական սեռով՝ գրում է Spiegel-ը: Այժմ երկու սեռերի ներկայացուցիչների համար մասնագիտության անվանումը և սոցիալական կարգավիճակը կնշվի միասնական՝ իգական տարբերակով: Համալսարանի կանոնագրքում կամրագրվի «պարոն ուսուցչուհի» դիմելաձևն ու նման այլ արտահայտություններ:
Համապատասխան փոփոխություններն ընդունվել էին համալսարանի սենատի կողմից դեռևս ապրիլի կեսերին, իսկ մայիսին դրանց իր հավանությունն է տվել ռեկտորատը: Դրանք ուժի մեջ կմտնեն, եթե առաջիկա 4 ամիսներին Սաքսոնիայի կրթության նախարարությունը չպահանջի վերանայել փոփոխությունները: Լայպցիգում ոչ ոք նախարարության կողմից միջամտության չի սպասում:
Մի շարք համալսարանականներ հայտնել էին, որ «պարոն ուսուցիչ/տիկին ուսուցչուհի» ձևը խիստ խանգարում է ընթերցմանն ու տեքստի ընկալմանը:
Նորամուծության հեղինակը ֆիզիկայի ոլորտում պրոֆեսոր Յոզեֆ Կեսն է, որի գաղափարին անսպասելիորեն աջակցել են մյուսները: Նոր արտահայտությունները կկիրառվեն փաստաթղթերում, որոնք բանավոր լեզվի վրա չեն տարածվի: