Հանրահայտ Զալցբուրգի փառատոնի տնօրեն, ավստրիացի Ալեքսանդր Պերեյրայի նշանակումը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում բուռն արձագանք է առաջացրել ինչպես Իտալիայում, այնպես էլ Ավստրիայում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Զալցբուրգի հետ Պերեյրայի պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին, և դեռևս հայտնի չէ՝ նա համատեղելո՞ւ է երկու ազդեցիկ պաշտոնները դասական երաժշտության աշխարհում: Նա «Լա Սկալայի» տնօրենի լիազորությունները կստանձնի 2015-ին: Պերեյրան անձամբ հայտարարել է, որ պատրաստ է զուգահեռ աշխատել երկու հարթակներում էլ:
Ինչպես Զալցբուրգի փառատոնն ավստրիացիների համար, այնպես էլ «Լա Սկալա» թատրոնն իտալացիների համար հանդիսանում են ազգային հպարտության առարկաներ:
Իտալիայի ազգային «Հյուսիսի լիգա» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Մատեո Սալվինին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Պերեյրայի նշանակման դեմ:
«Հյուսիսի լիգան» կոչ էր արել թատրոնի տնօրենի պաշտոնում ընտրել իտալացու, քանի որ 2005 թվականից թատրոնը գլխավորել է ֆրանսիացի Ստեֆան Լիսները: