Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձարզերծած լայնածավալ հարձակման ընթացքում տուժել է հարձակման ենթարկված տարածքների քաղաքացիական բնակչությունը, կան զոհեր, վիրավորներ, այդ թվում՝ տարեց մարդիկ ու երեխաներ, կան իրենց բնակության վայրերից տեղահանվածներ:
Իրավական ի՞նչ մեխանիզմներ կան տեղահանվածների, զոհերի հարազատների, վիրավորների համար՝ միջազգային դատական ատյաններ, այդ թվում՝ Մարդու Իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանի հետ:
– Պարոն Խզմալյան, Ադրբեջանի հարձակմանը ենթարկված տարածքներից տեղահանվածների, այդ տարածքներում զոհված անձանց իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ ուղղություններով կարող է տարվել:
– Նախ պետք է մեկ ճշգրտում կատարեմ՝ ներկա մարտական գործողությունների ընթացքում իրենց բնակության վայրերից տեղահանվածների վերաբերյալ: Նրանց ավելի ճիշտ է անվանել ժամանակավորապե՛ս տեղահանվածներ: Նրանք տեղահանվել են մեր կողմից՝ պաշտպանական նկատառումներով: Հարձակման վտանգի վերացումից հետո նրանք կվերաբնակվեն իրենց բնակավայրերում: Ժամանակավորապես տեղահանվածների՝ այն մարդկանց մասով, ովքեր հնարավորություն ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻԵԴ պահանջներ ներկայացնելը քիչ հավանական եմ համարում, այդ խնդիրը չի կարգավորվում ՄԻԵԴ կողմից:
Ուրիշ բան է, եթե մարտական գործողությունների արդյունքում իրենց բնակավայրերից տեղահանվածները չեն կարող վերադառնալ իրենց տները, անգամ երբ նրանց բնակավայրը, օրինակ, գտնվում է այսպես կոչված՝ շփման գծում, ու վերադառնալը դարձյալ անհնար է, ապա այս խնդրի վերաբերյալ ՄԻԵԴ-ն ունի նախադեպային որոշումներ՝ Արցախյան պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»: Սարգսյանը Շահումյանի շրջանի այն գյուղի բնակիչ է եղել, որը ներկայումս շփման գծում է գտնվում, այնտեղ բնակիչներ չկան:
ՄԻԵԴ հիշյալ երկու որոշումներում էլ հաստատված է, որ մարդկանց սեփականության իրավունքի խախտումներ, իրոք, տեղի են ունեցել: ՄԻԵԴ-ը այս գործերով գումարային հարցի որոշումը հետաձգել է:
Սակայն հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրավունքի վերականգնման այս ճանապարհը լավ ճանապարհ: Սեփականության իրավունքի խախտումների պահանջներով երկու կողմերից էլ՝ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, հարյուրավոր գործեր կան արդեն ՄԻԵԴ-ում: Տասնյակ հազարավոր միավոր գույքի մասին է խոսքը՝ երկուստեք…
– Ադրբեջանական ներկա հարձակման ընթացքում քաղաքացիական բնակչության զոհեր կան ինչպես ռմբակոծությունների, այնպես էլ ժամանակավորապես գրավված բնակավայրում կատարված գազանաբարո սպանությունների հետևանքով: Այս զոհերի իրավունքների՝ միջազգային ատյաններում պաշտպանության մասի՞ն ինչ կասեք:
– Քաղաքացիական բնակչության սպանությունների մասով իրավատերերին երկու խմբի կարող ենք բաժանել:
Առաջին խումբ՝ ԼՂՀ ուժերի վերահսկողության շրջաններում հակառակորդի կողմից թիրախավորված ռմբակոծությունների հետևանքով սպանված ու վիրավորված քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դպրոցի ճանապարհին զոհված ու վիրավորված երեխաները:
Երկրորդ խումբ՝ Թալիշում ադրբեջանցիների կողմից սպանված քաղաքացիական անձինք: Առաջին խմբի զոհերի մասով, ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, այդ ատյանը քննություն չի կատարում: Ռմբակոծությունների հետևանքով զոհվածների իրավունքների հարցը այդ ատյանում կարող էր քննվել, եթե ռմբակոծված տարածքներն անցած լինեին Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս խմբի զոհերի մասով կարող է խոսք լինել Մարդասիրական իրավունքի և Միջազգային քրեական իրավունքի խախտումների մասին, այդ դեպքերը կարող են քննվել որպես միջազգային հանցագործություններ: Այս խմբի զոհերի իրավունքների պաշտպանության համար կան մեխանիզմներ՝ Հայաստանը կարող է այդ պաշտպանությանը դիմել Միջազգային քրեական իրավունքի ոլորտում:
Ճիշտ է, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացված չէ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Դա չի բացառում, բայց բարդացնում է Միջազգային քրեական դատարանում հարցը ներկայացնելու տեսական հնարավորությունը: Հարցը կարող է քննվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Բայց, իմ կարծիքով, սա այնքան էլ իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է երկրորդ խմբի զոհերին՝ Թալիշում սպանված քաղաքացիական անձանց, ապա նկատի առնելով, որ շատ կարճ ժամանակահատվածով այդ բնակավայրը անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, այնտեղ զոհված մեր բնակիչների իրավունքների պաշտպանության հարցով կարելի է դիմել ՄԻԵԴ:
Եթե հաստատվի, որ այդ քաղաքացիական անձինք մինչև սպանությունն են ենթարկվել կտտանքների, ապա կարող է խոսք գնալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքի խախտումների մասին, և Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան կիրառելի կլինի:
Այս գործերով ՄԻԵԴ դիմելու պրակտիկ հնարավորություն ունեն ինչպես զոհերի իրավահաջորդները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության:
– Պարոն Խզմալյան, օկուպացիայի պայմաններում օկուպացնողի կողմից կատարված հանցագործությունների դեպքում ե՞րբ են կիրառվում Մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի դրույթները:
– Օկուպացիայի պայմաններում օկուպացնողի կողմից կատարված հանցագործությունները դիտարկվում են երկու կատեգորիայով՝ տարածքային վերահսկողության պայմաններում և անձնական վերահսկողության պայմաններում կատարված հանցագործություններ:
ՄԻԵԴ-ը նախադեպային երկու-երեք որոշում ունի Իրաքում կոալիցիոն ուժերի գործողությունների վերաբերյալ: Օրինակ՝ հաստատվել է, որ Մեծ Բրիտանիան խախտել է մարդու կյանքի իրավունքը: Բրիտանական ուժերի կողմից անձը ձերբակալվել է, ապա գիտակցելով, որ հակառակորդին հանձնելու պարագայում նա կարող է սպանվել, նրան, այնուամենայնիվ, բրիտանական կողմը հանձնել է, ու մարդը սպանվել է: Այս դեպքում սպանությունը կատարվել է ոչ թե տարածքային, այլ անձնական վերահսկողության պայմաններում:
ՄԻԵԴ-ն ունի նաև նախադեպային որոշում՝ հայտնի Բանկովիչի գործը, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի միջամտությանը՝ Սերբիայում կատարած ռմբակոծություններին, որոնց արդյունքում քաղաքացիական զոհեր կային: Դատարանը հաստատել է, սակայն, որ ռմբակոծությունների ժամանակ բացակայել է ռմբակոծողների վերահսկողությունն ու իրավազորությունը ռմբակոծված տարածքների նկատմամբ: Նման դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիան չի կիրառվում:
– Ադրբեջանական կողմը դաժան վերաբերմունք է դրսևորել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլև իր ձեռքն ընկած մեր զինվորների նկատմամբ: Մեր այդ զոհերի իրավունքների միջազգային պաշտպանության մասին ի՞նչ կասեք:
– Տեսականորեն կարելի է խոսել դաժան վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ ա՛յն զինվորների գործերով, ովքեր գերեվարվել, ողջ-ողջ ընկել են ադրբեջանցիների ձեռքը, նրանց կողմից խոշտանգվել, կտտանքների են ենթարկվել ու նոր միայն սպանվել են: Նման իրավիճակում զոհված զինվորները ռազմական ընդհարումների մասնակիցներ չեն համարվում այլևս, ու նրանց նկատմամբ կիրառվում են Մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի դրույթները:
Ռազմական ընդհարումների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը այլ ոլորտում՝ Մարդասիրական իրավունքի ոլորտում է իրականացվում:
Իմ կարծիքով՝ ադրբեջանական կողմի կատարած հանցագործություններին միջազգային առումով իրավական գնահատական տալու համար ավելի լայնամասշտաբ քայլեր պիտի ձեռնարկվեն՝ պետական մակարդակով պետք է դիմել Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի դատարան)՝ մոտավորապես նույն սցենարով, որով Վրաստանն է դիմել ընդդեմ Ռուսաստանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմքով:
Կարծում եմ՝ ՄԻԵԴ-ը ղարաբաղյան հարցում արդյունավետ մեխանիզմ չէ: Առճակատման երկու կողմերն էլ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» նախադեպային որոշումների լույսի ներքո կարող են դիմել ՄԻԵԴ: Արդեն իսկ երկու կողմերից հարյուրավոր դիմումներ կան ՄԻԵԴ-ում՝ սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ: Սա կարող է վերաճել ոչ թե որակական, այլ քանակական «պատերազմի», ու հստակ էլ չէ՝ ինչ արդյունքով:
Կան ավելի բարձր հեղինակություն ունեցող կառույցներ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի դատարանը, որին տվյալ դեպքում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի մեր կողմից:
Մեզանում ավելի հայտնի է, իհարկե, ՄԻԵԴ-ը՝ մեր տարածաշրջանում այն ամենաակտիվ կառույցներից է: ՄԻԵԴ դիմելու, այնտեղ գործերի քննության մեխանիզմները ավելի հստակ են փաստաբանների ու բնակչության համար: ՄԱԿ-ի դատարանի իրավարարությունը հայտնի է ավելի նեղ շրջանակներին ու նեղ մասնագետներին:
– Ձեր կարծիքով՝ Թալիշում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով տուժողների իրավահաջորդնե՞րը պիտի դիմեն ՄԻԵԴ, թե՞ ավելի լավ կլինի պետական մակարդակով ներկայացնել այդ գործերը:
– Կարծում եմ՝ Թալիշում զոհված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով պետական մակարդակով ՄԻԵԴ դիմելն ավելի նախընտրելի տարբերակ է՝ հատկապես միջազգային ասպարեզում Ադրբեջանի անիրավաչափ վարքագիծն ի ցույց դնելու տեսակետից:
Ցավոք, մեր քաղաքական դիրքերը լրջորեն վնասված են երկարամյա պասիվության, սխալ քայլերի, մասնավորապես՝ Ղրիմի օկուպացիան դատապարտող բանաձևին դեմ քվեարկելու արդյունքում:
Միջազգային ասպարեզում քաղաքական դիրքերը ամրապնդելու, մեր ձայնը, մեր հստակ դիրքորոշումը լսելի դարձնելու անհրաժեշտություն կա:







































