ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում ռեյդի ընթացքում գերեվարել են մոտ 100 մարդու։ Այս մասին հայտնում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին։
Լրագրողների տվյալներով՝ ահաբեկիչները բոլոր պատանդներին ուղարկել են իրենց բանտերը՝ մեղադրելով նրանց ուժայինների հետ համագործակցության մեջ։
Մի քանի օր առաջ իրաքյան բանակը լիովին ազատագրել է Հիթ քաղաքը, որը գտնվում է նույն՝ Անբար նահանգում։ Դրանից հետո գրոհայինները սկսել են սպանել Էլ-Ֆալուջայի բնակիչներին, ովքեր ցանկացել են լքել քաղաքը։ Ահաբեկիչները մտադիր են խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան։
Էլ-Ֆալուջան գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ 2013 թվականի վերջից։ Քաղաքը համարվում է Իրաքի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը, այն հաճախ անվանում են «մզկիթների քաղաք»։










































