Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության բարգավաճման գրավականն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ներկայացնելով 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցը։
«Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը սոսկ բարոյական պարտավորություն չէ, այլ հնարավորություն՝ բացահայտելու երկրի հասարակության լիարժեք ներուժը և կառուցելու ամուր և բարգավաճ պետություն»,- նշել է Քերին:
Պետքարտուղարի խոսքով՝ միայն ազատ պայմաններում և իրենց իրավունքների պաշտպանելու դեպքում երկրի բոլոր բնակիչները, այդ թվում կանայք, ազգային և սեռական փոքրամասնությունները կկարողանան լիակատար օգուտ բերել հասարակությանը:
Զեկույցը մանրամասն կերպով անդրադառնում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և հարևան պետություններին: Հարավային Կովկասում մարդու իրավունքների խախտումներ ամենամեծ թվով գրանցվել են Ադրբեջանում, այդ թվում իշխանությունների կողմից խոսքի և ազատ իրավունքի արտահայտման լուրջ սահմանափակումներ և քաղբանտարկյալների առկայություն: Դրանից բացի, ըստ զեկույցի, Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են սեփական քաղաքացիների՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով ղեկավարությանը փոխելու իրավունքը:
Հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության դեմ ուղղված իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցնում իրենց սեփական երկրների զարգացմանը, նշել է պետքարտուղարը։
«Ազատ արտահայտման իրավունքը ճնշող պետությունների տնտեսությունը նորարարություններ չի ստեղծում և աճ չի արձանագրում»,-ասել է նա:
Հայաստանում 2015-ին հիմնական խնդիրները եղել են սեփական ազդեցությունը երկրում պահպանելու և կողմնակիցներին հարստացնելու նպատակով իշխանությունների կողմից պետական միջոցների օգտագործումը, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Միևնույն ժամանակ, բարելավվել է քրեակատարողական համակարգը: Զեկույցը նաև ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ աջակցություն են ցուցաբերել սիրիահայ փախստականներին:
Հարևան Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում 2015-ին գրանցվել են մարդու իրավունքների էլ ավելի լուրջ խախտումներ: Ռուսաստանում գրանցվել են հավաքների իրավունքի սահմանափակման, քաղաքական հետապնդումների և փոքրամասնությունների դեմ ճնշումների բազմաթիվ դեպքեր: Իրանի իշխանությունները նկատելիորեն սահմանափակել են մի շարք հիմնարար ազատություններ, և անչափահաս հանցագործների որոշ դեպքերում մահապատժի դատապարտել: Թուրքիայում կրկին սահմանափակվել է ազատ արտահայտման իրավունքը, և քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում պետական ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքեր արձանագրվել:










































