Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթարահել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի արգելքը: Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Բաչկովը հաղթանակով է ավարտել Բաքվում 2015 թ.-ին կայացած Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, անվանի Փաթ Կորմաքի դեմ մենամարտը` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ:
Դեռևս պարզ չէ, թե մրցաշարի 5-րդ խաղային օրը Սամսունում արդեն 3-րդ մենամարտն անցկացրած Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակչում ով կլինի, սակայն հայ բռնցքամարտիկին բավականին բարդ մենամարտ է սպասվելու: Հույս ունենք, որ Բաչկովին կհաջողվի հաջողությամբ հասնել եզրափակիչ, իսկ նրա գրանցած հաջողությունները որպես լավագույն օրինակ կծառայեն Սամսունի մրցաշարում դեռ հանդես եկող հայ բռնցքամարտիկների համար:
Ապրիլի 13-ի երեկոյան մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում դեռևս ռինգ են դուրս գալու նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի