Այսօր առավոտյան «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին: Սակայն ընդամենը 20 րոպե անց հեռուստաընկերությունը չեղյալ է հայտարարել այդ լուրը` հայտնելով, որ տեղի է ունեցել տեխնիկական խնդիր: Նախագահ Մեդվեդեւի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան չհաստատեց այս լուրը` հայտնելով, որ պաշտոնական հաղորդագրություն դրա մասին չի եղել:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը վստահության կորստի պատճառաբանությամբ հեռացվել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի կողմից: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից այս պահին ներկայացվել է չորս թեկնածություն: Վերջերս «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ այդ պաշտոնին նշանակվելու է Սերգեյ Սոբյանինը` վկայակոչելով իր աղբյուրները Կրեմլում: