Մենք փորձել ենք ԵԽԽՎ մեր բոլոր գործընկերներին՝ նախագահական կոմիտեի և բյուրոյի անդամներին, պատվիրակներին տեղեկացնել այն ամենի, այն վայրագությունների մասին, ինչ կատարվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում նպատակ ունեն հասնելու գնահատականների այն մասին, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն է իրականացվել:
Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին՝ Հ. Նաղդալյանը նշեց, որ իր համար ընդունելի է «մենք երջանիկ չենք մադրիդյան սկզբունքներից» ձևակերպումը:
«Շահեկանության տեսակետից մենք կարող ենք նշել կետեր, որոնք մեզ համար շահեկան չեն, մեզ համար լավագույնը չեն: Բայց եթե մենք շահագրգիռ ենք խնդրի լուծման համար, ապա մենք պիտի համաձայնենք դրանց: Կարծում եմ մեր կողմից շատ մեծ զիջողություն է, որ մենք համաձայնում ենք ևս մեկ անգամ հանրաքվե անցկացնել այն խնդրի վերաբերյալ, որի վերաբերյալ ժողովուրդն արդեն իր կամքն արտահայտել է»:
Այնուամենայիվ սա մեզ հնարավորություն է տալիս, երջանիկ չլինելով, աշխատել և քայլեր կատարել դեպի կոնֆլիկտի լուծումը, դեպի ԼՂ ինքնորոշման ճանաչումը, դեպի խաղաղ հանգուցալուծումը»:
Հ. Նադղալյանի դիտարկմամբ՝ Մադրիդյան սկզբունքները պետք է դիտարկել ոչ թե մեկը մյուսից հետո կամ մեկը մյուսից առանձին, այլ դրանք պետք է դիտարկվեն և իրականացվեն ամբողջական: «Եթե դուք գտնում եք, որ մադրիդյան սկզբունքների հիմքը տարածքների վերադարձն է, ապա ես գտնում եմ, որ մադրիդյան սկզբունքների հիմքը ԼՂ բնակչության իրավունքն է հանրաքվեի ճանապարհով լուծել իրենց սեփական ճակատագրի, իրենց պետության ինքնորորշման հարցը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































