Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների և սպառազինության վաճառքը Ադրբեջանին ամրապնդել է այդ երկրի վճռականությունն ու ցանկությունը՝ վերսկսելու պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ: Ռուսական զենքի մատակարարումը դրդել է Ադրբեջանին պատերազմի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ խիստ քննադատության ենթարկելով Ռուսաստանի ղեկավարությանը ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության համար: Կոլերովը հույս ունի և համոզված է, որ Հայաստանի նախագահի բացահայտ քննադատությունը Մոսկվայի հասցեին կհասնի իր նպատակին, և ի վերջո կդադարեցվի զենքի վաճառքը պատերազմ սանձազերծած ադրբեջանական հանրապետությանը:
Բայց մինչ այդ մեր զրուցակիցը ցավով արձանագրում է, որ իր այս քաղաքականության հետևանքով Ռուսաստանը կորցրել է իր վստահությունը Հայաստանում, որի հետևանքով ռուս-հայկական հարաբերությունները ակնհայտորեն վատթարացել են:
Մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի և վարչապետ Մեդվեդևի հայտարարությունները, որ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, Կոլերովն ասաց, որ դա անընդունելի և թշնամական դիրքորոշում է, որը կարելի է վերագրել Մոսկվայում ադրբեջանական լոբբինգին:
– Պարոն Կոլերով, հավանաբար ծանոթ եք Հայաստանի նախագահի հայտարարություններին Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու վերաբերյալ: Հայաստանի ղեկավարությունը «հնգօրյա պատերազմից» հետո սկսել է բացեիբաց քննադատել Մոսկվային՝ բացահայտ դժգոհելով, որ Ռուսաստանը հարձակողական զենք է տրամադրում Ադրբեջանին, որը կիրառվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ձեր կարծիքով՝ այս քննադատությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա:
– Ես հույս ունեմ, որ այդ քննադատությունը հասել է իր հասցեատիրոջը, ես հույս ունեմ, որ այն կարող է ազդել Ադրբեջանին ծանր զինատեսակների մատակարարման վրա: Ամենաբարձր մակարդակով այդ քննադատությունը պետք է հնչած լիներ շատ ավելի վաղ, բայց լավ է, որ գոնե այսօր է հնչում:
– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հարձակողական զինատեսակների և ռազմական տեխնիկայի վաճառքը Ադրբեջանին իր բացասական դերակատարությունն է ունեցել՝ նպաստելով հակամարտության այս կտրուկ բռնկմանը Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական ուժերի շփման գծում:
– Ծանր զինատեսակների վաճառքն, անշուշտ, ամրապնդել է Ադրբեջանի վճռականությունն ու ցանկությունը՝ վերսկսելու պատերազմը: Ծանր սպառազինության վաճառքը հանգեցրել է նրան, որ դրանք կիրառվել են Ղարաբաղի դեմ, այդ կիրառումը ֆիքսվել է: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը Մոսկվայում ասի, թե պարզ չի՝ այդ զենքը օգտագործվե՞լ է Ղարաբաղի դեմ, թե՞ ոչ, ամեն դեպքում ագրեսիվ հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանին զենք վաճառելու փաստն անընդունելի է: Ադրբեջանը Մոսկվայում իր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի շուրթերով խոստովանեց, որ իրենք են վերսկսել պատերազմը: Այդ վաճառքը դրդել է Ադրբեջանին պատերազմի: Այդ վաճառքը կոպիտ սխալ է, որը շատ ծանր հետևանքներ է ունեցել Ռուսաստանի և Կովկասում Ռուսաստանի քաղաքական հեղինակության համար: Ես բազմիցս նշել եմ սա: Ես ցավում եմ և շատ դժգոհ եմ նրանից, որ իմ կանխատեսումները իրականություն դարձան: Քաղաքական հետևանքները Ռուսաստանի համար ծայրահեղ ծանր են:
– Ռուս փորձագետներից ոմանք ասում են, որ Հայաստանը չունի լուրջ լծակներ՝ ազդելու Ռուսաստանի քաղաքականության վրա: Դուք համաձա՞յն եք նրանց հետ:
– Սերժ Սարգսյանն ինքն ասաց, որ Հայաստանը չունի Մոսկվայի վրա ազդելու լծակներ, բայց քաղաքական հայտարարությունն ինքնին հնարավորություն է դիրքորոշման հրապարակային արտահայտման միջոցով ազդելու համար: Ես կարծում եմ և համոզված եմ, որ այդ դիրքորոշումը լսվել է Մոսկվայում և վերջիվերջո կունենա իր ազդեցությունը:
– Ընդհանրապես, այս իրադարձությունները կարո՞ղ են որակապես փոխել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթն ու տրամաբանությունը:
– Ռուս-հայկական հարաբերություններն արդեն իսկ նկատելիորեն փոխվել են Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահության կրած վնասների հետևանքով: Սա սև բիծ է թողել այդ հարաբերությունների վրա: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները սկզբունքորեն չեն փոխվի, բայց դրանք ակնհայտորեն վատթարացել են:
– Բայց Ռուսաստանի պաշտոնյաների արձագանքը Հայաստանի քննադատությանը, մեղմ ասած, տարօրինակ է և միայն զայրույթ է առաջացնում Հայաստանում: Օրինակ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությունը, որն ասաց, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել ադրբեջանական կողմին:
– Փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությունը անընդունելի է, զայրացնող, վնասակար և սադրիչ: Իմ կարծիքով՝ Ռոգոզինի հայտարարությունը (նույնիսկ եթե դա իր դիրքորոշումը չէ, այլ համաձայնեցված է իր ղեկավարի հետ) վնասակար է և հակասում է Ռուսաստանի ազգային շահերին:
– Իսկ ի՞նչ կասեք վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության մասին, թե՝ «եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին, իր տեղն ուրիշները կզբաղեցնեն»: Սա դեմագոգիա չէ՞: Չէ՞ որ այդպիսի զենք միայն Ռուսաստանն ունի, իսկ զենք արտադրող մյուս երկրներից շատերը, օրինակ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին:
– Դա ոչ թե դեմագոգիա է, այլ դիրքորոշում: Բայց այդ դիրքորոշումը համոզիչ չէ, այն չի կարող արդարացնել զենքի վաճառքը շարունակելու փաստը: Սա անընդունելի դիրքորոշում է և համոզիչ չէ: Դեմագոգիան այլ բան է, իսկ սա ուղիղ դիրքորոշման արտահայտում է, որը Մոսկվայում կարող է վերագրվել Ադրբեջանի լոբբինգին: Սա ադրբեջանական լոբբինգի դիրքորոշումն է: Սա շատ ավելի վատ բան է, քան դեմագոգիան: Սա բացահայտ թշնամական դիրքորոշում է:
– Եթե ճիշտ եմ հասկանում, Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվում է գլխավորապես պարոն Ռոգոզինը, այո՞:
– Ռոգոզինը ի պաշտոնե զբաղվում է զենքի մատակարարմամբ, քանի որ նա երկրի փոխվարչապետն է, որը համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը: Դա իր պատասխանատվության ոլորտն է:
– Սարգսյանի այս ելույթը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է խթանել ներքաղաքական գործընթացների զարգացմանը, ակտիվացնել այսպես ասած՝ ռուսամետ ուժերին իշխանությունների դեմ:
– Քաղաքական ուժերը Հայաստանում տեսականորեն կարող են օգտվել այս իրավիճակից Սերժ Սարգսյանին քննադատելու համար, բայց ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանի ռազմական աջակցությունը Հայաստանին այլընտրանք չունի և մոտակա տասնամյակներին չի ունենա:
– Նկատի ունեք՝ ռուսական ռազմաբազաները, հայ-ռուսական ռազմական համագործակցությո՞ւնը:
– Այո, ես նկատի ունեմ և՛ ռուսական զենքի մատակարարումը, և՛ Հակաօդային պաշտպանության համակարգը, և՛ զանգվածային ոչնչացման զենքը և այլն, և այլն: Հայաստանի պաշտպանության ողջ ենթակառուցվածքը 100 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ, հետևաբար մոտակա տասնամյակներին Ռուսաստանին այլընտրանք չկա և չի կարող լինել:
– Իմիջիայլոց, Ռուսաստանը վարկային համաձայնագրով նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա պիտի տրամադրեր Հայաստանի զինված ուժերին: Ինչո՞ւ է դանդաղում այս գործընթացը:
– Այդ գործընթացը չի դանդաղում. ընդհակառակը՝ զենքի մատակարարման և սպառազինության արդիականացման գործընթացը վերջին մեկ տարվա ընթացքում արագացել է և ավելի ինտենսիվ է դարձել:







































