Օդեսայի շրջանային պետական վարչության նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջադրել է Ուկրաինայում շտապ և արմատական բարեփոխումներ անցկացնելու պահանջներ: Այդ մասին նա հայտնել է Fasebook-ի իր էջում:
«Մենք հոգնել ենք սպասելուց և դատարկ խոստումներ լսելուց, քանի դեռ հին կոռուպցիոն համակարգը քայլ առ քայլ ռեվանշ է վերցնում: Մենք ունենք մի շարք պահանջներ, առանց որոնց անհնար է ինչպես Օդեսայի շրջանի, այնպես էլ ողջ Ուկրաինայի առողջ զարգացումը»,- գրել է Սաակաշվիլին:
Նա պահանջել է կառավարություն ձևավորել, «որին Ուկրաինան կվստահի», ինչպես նաև առաջ է քաշել հետևյալ պահանջները. «Անջատողական և օլիգարխների գործակից Ստոյանովին ազատել Օդեսայի շրջանի գլխավոր դատախազի պաշտոնից, անհապաղ քրեական գործ հարուցել Օդեսայի քաղաքապետ, անջատողական Տրուխանովի նկատմամբ՝ կապված նրա օֆշորային ձեռնարկությունների և ռուսական քաղաքացիության հետ, հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության և պետական հարկային ծառայության ղեկավարներին, որոնք աշխատում են ոչ թե ժողովրդի բարեկեցության համար, այլ զբաղվում են բացարձակ թալանով և բանդիտիզմով»:
«Մենք այլևս մտադիր չենք սպասելու, մենք կփոխենք այդ համակարգը կամ այս իշխանության հետ, կամ առանց նրա»,- ավարտել է Սաակաշվիլին:










































