Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ չեղարկվել է Երևանում ապրիլի 8-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքը:
Այն չեղարկվել է Ղազախստանի վարչապետի պատճառով, որը չի ցանկացել մասնակցել նիստին: Թե ինչու, երևի թե պարզ է՝ Ղազախստանը չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ցանկանում է նեղացնել Հայաստանին, և չկարողանալով բլից-կրիգով վերցնել Ղարաբաղը՝ Ալիևը ներկայումս, իհարկե, կցանկանա ամեն կերպ ինչ-որ բանով հարվածել Հայաստանին: Եվ նա փաստորեն ընտրել է նաև ԵՏՄ-ի տարբերակը՝ այսպիսով հասնելով Երևանում նիստի չեղարկմանը:
Ռուսաստանն էլ, բնականաբար, մեծ հաճույքով ընդունել է այդ իրականությունը և անկասկած չի էլ փորձել Ղազախստանին բացատրել, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, որն այդպես և այդքան սիրում է կրկնել Նազարբաևը, հետևաբար չկար որևէ հիմնավոր պատճառ այդ կառույցի երևանյան նիստը չեղարկելու համար:
Այսպիսով՝ Ղազախստանը ակնհայտ դարձրեց, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց չէ: Ռուսաստանը հերթական անգամ ակնհայտ դարձրեց, որ այդ կառույցում բացարձակապես պատրաստ չէ դաշնակցային պահվածքի Հայաստանի հանդեպ, այլապես նա գոնե կփորձեր Ղազախստանից բացատրություն պահանջել: Ավելին՝ Ռուսաստանը երևի թե շտապել է հավանության արժանացնել Աստանայի քայլը, որ հանկարծ Ադրբեջանը չկարծի, թե Աստանան ավելի հավատարիմ է իրեն, քան Մոսկվան:
Սրանով հանդերձ՝ ակնհայտ է դարձել նաև, որ ԵՏՄ կոչվող այդ կառույցում Հայաստանից ավելի մեծ ազդեցություն ունի այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանը, և սա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական վտանգ է: Այլ կերպ ասած՝ Հայաստանին հասցվել է ոչ թե կազմակերպական, այլ ռազմավարական հարված՝ ԵՏՄ նիստի չեղարկման տեսքով: Այսինքն՝ սա լոկ ընթացակարգային կամ քաղաքական խնդիր չէ, այլ ռազմավարական, անվտանգային ախտորոշում: Հետևաբար Հայաստանի իշխանության արձագանքը կարող է և պետք է լինի միմիայն այդ տրամաբանությամբ:
Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն պետք է իր անհամաձայնությունը հայտնի այդ որոշման կապակցությամբ, ինչն արել է Հովիկ Աբրահամյանը նախօրեին Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, այլև պետք է հայտնի նույնքան ռազմավարական բովանդակությամբ դիրքորոշում:
Հովիկ Աբրահամյանը ասել է, թե դեռ որոշում չի կայացրել Մոսկվա հնարավոր տեղափոխման դեպքում այդ նիստին մասնակցելու կապակցությամբ: Իսկ ինչի՞ն է սպասում Հովիկ Աբրահամյանը: Հայաստանին հասցված հարվածը բավարար չէ՞ որոշում կայացնելու և հայտարարելու համար, որ Հայաստանը քննարկում է ընդհանրապես ԵՏՄ որևէ հավաքի իր մասնակցությունը կասեցնելու հարցը, քանի դեռ չեն հնչի հստակ և ամբողջական բացատրություններ Ղազախստանի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ՝ ներառյալ նաև Բելառուսը: Սակայն նույնիսկ նման հարցադրումը համարժեք չի թվում այն «դաշնակցային» դավադրությանը, որ այս օրերին Հայաստանի հանդեպ կիրառեցին Մոսկվան, Աստանան ու Մինսկը:
Այս պայմաններում Հայաստանը երևի թե առնվազն պետք է ոչ թե հավաքներին, այլ ընդհանրապես ԵՏՄ-ին իր մասնակցությունը կասեցնելու մասին հայտարարի: Թեև եթե Հայաստանի իշխանությունում գտնվեր դրան ընդունակ մեկը, ապա միգուցե Մոսկվան, Աստանան և Մինսկը մտածեին որևէ բան անելուց առաջ: Բայց նրանք վստահ են, որ այդ մեկն անգամ չկա իշխանական համակարգում, հետևաբար նրանք մտածում են միայն Ալիևին չնեղացնելու մասին:









































