ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է թուրքական իշխանություններին երկրի մի շարք քաղաքներում ցուցարարների դեմ կիրառած ուժի համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Էշթոնի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը խորը մտահոգություն է հայտնել բռնության առնչությամբ, որը դրսևորվել է Ստամբուլում և Թուրքիայի մի քանի այլ քաղաքներում: Էշթոնն ափսոսանք է հայտնել նաև որոշ թուրք ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման առնչությամբ:
«Խնդրի խաղաղ լուծման համար պետք է երկխոսություն սկսել»,-ասվում է հայտարարության մեջ:
Ցուցարարները բողոքում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգում ծառերը հատելու և առևտրա-ժամանցային համալիր կառուցելու իշխանությունների ծրագրերի դեմ: Իշխանությունների տվյալներով՝ ուրբաթ օրվանից բողոքի 90 ակցիա է անցկացվել Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում և Քոնյայում: Այդ ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ: