Այսօր եգիպտական Al-Ahram օրաթերթը որոշ մանրամասներ է ներկայացրել երկրում տեղի ունեցած հեղափոխությանը բանակի մասնակցության մասին: Թերթի ունեցած տեղեկություններով, մինչև հունվարին սկսված բողոքի ակցիաները արդեն իսկ նախատեսում էր փողոց դուրս բերել զինվորականությանը այն բանից հետո, երբ Եգիպտոսի այն ժամանակ գործող նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Գամալը, կհայտարարեր առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Այս ծրագիրը քննարկվում էր հույժ գաղտնի պայմաններում: Պարզվում է՝ զինվորականներն իրենք էլ դեմ են եղել իշխանությունը ժառանգական սկզբունքով փոխանցելուն, այդ պատճառով հենց առաջին օրերից զինվորականները հրաժարվեցին փողոց դուրս եկած ցուցարարների վրա կրակ բացելուց:
Զինվորականները նախատեսում էին հեղաշրջում իրականացնել 1952 թ. օրինակով, երբ տապալվել էր միապետությունը, և հռչակվել էր հանրապետություն: Այս վարկածի գոյության օգտին են խոսում նաև բանակի հստակ գործողությունները հունվարի 25-ին սկսված հեղափոխության ժամանակ, ինչպես նաև հունվարի 28-ին բանակի կողմից մայրաքաղաք Կահիրեում առանցքային հանգույցները զբաղեցնելիս: Թերթը գրում է, թե պատահական չէ, որ «Իսրայելը հեղափոխության օրերին գաղտնի փատաթղթերում զարմանք էր հայտնել հեղափոխության օրերին հատկապես Կահիրեում զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ»:
Թերթը եզրակացնում է, թե այն փաստը, որ բանակը չկրակեց ցուցարարների վրա և ուժ չկիրառեց, նշանակում է, որ նա աջակցում էր հեղափոխության ընթացքին: