Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահներն ադրբեջանական այցի ժամանակ հանդիպումներ են ունեցել այդ երկրի նախագահի, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հետ:
«Մենք Բաքու ժամանել ենք այնպիսի ուղերձով, որպեսզի բանակցություններում հասնենք առաջընթացի, թույլ չտանք նոր կորուստներ, որ կրակը պետք է դադարեցվի անհապաղ։ Հանդիպումների ժամանակ ընդգծվել է բանակցությունների վերսկսման և հակամարտության հետևողական կարգավորման կարևորությունը։ Այդ ամենը մենք կասենք նաև Հայաստանում։
Հուսով ենք, որ լարվածությունը կնվազի շփման գծի երկայնքով։ Քանի դեռ կողմերը չեն հարգում ու չեն պահպանում հրադադարի ռեժիմ, քաղաքական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Տևական խաղաղության հասնելու համար եկել է բանակցությունները շարունակելու ժամանակը։ Դրա համար պետք է լինի երկու երկրների ղեկավարությունների քաղաքական կամքը»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։







































