Թուրքական Bianet լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցության նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:
«1994 թվականից ցայժմ լուրջ խնդրի վերածված ինքնավար Ղարաբաղի լարվածությունը վերածվեց բախման։ Լեռնային Ղարաբաղն ինքնավար շրջան էր։ Խնդիրը պետք է լուծվի բանակցային սեղանի շուրջ։ Պատերազմն օգտակար չի լինի ո՛չ այնտեղի հասարակության, ո՛չ էլ Թուրքիայի համար։
Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ ենք անում՝ նստել բանակցային սեղանի շուրջ և հարցը լուծել երկխոսության միջոցով, չնայած ԱԶԿ-ի կողմից պատերազմ հրահրելուն։ Էրդողանն ու Դավութօղլուն ի սկզբանե հանդես են գալիս պատերազմ հրահրելու հայտարարություններով, ադրբեջանցիներին մղում են նոր պատերազմի։
Մենք Սիրիայի համար ենք դեմ արտահայտվել ԱԶԿ-ի պատերազմական քաղաքականությանը, սակայն կառավարությունը մեր հարավային սահմանը վերածեց ռազմաճակատի և չգոհանալով դրանով, գնում է Ղարաբաղում հրահրումներ իրականացնելուն»,- ասել է Դեմիրթաշը։
Դեմիրթաշը հայտարարել է, որ խաղաղություն ցանկացողներին՝ սկսած արվեստագետից, ֆուտբոլիստից մինչև քաղաքական գործիչ անվանում են հայրենիքի դավաճան, սակայն իրականում հայրենիքի դավաճանները պատերազմ ցանկացողներն են։










































