«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
– Ինչպիսի՞ն է իրավիճակը առաջին գծում:
– Ադրբեջանական բանակը իր ամբողջ ներուժով, իր ձեռքի տակ ունեցած սպառազինության գրեթե բոլոր տեսակներով, այդ թվում՝ տանկերով և օդուժով հարձակվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, և նրանց չակերտավոր հաջողությունը եղավ այն, որ կարողացան գրավել մի քանի հենակետեր, ինչը ռազմական առումով ոչ մի դժվարություն չի ներկայացնում ոչ իրենց համար, ոչ մեզ, եթե նկատի ունենանք, որ այդ հենակետերը պաշտպանում էին 5-7 զինվորներ: Ադրբեջանը երևի խնդիր էր դրել թեկուզ փոքր, թեկուզ աննշան հաջողություն արձանագրել, որպեսզի կարողանա հաղթահարել պարտվածի և զոհի բարդույթը, սակայն իրականում արդյունքը կատարյալ ձախողումն էր: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական բանակի ամբողջ ներուժը և 20 տարվա պատրաստությունը հերիքեց մի քանի հատվածներում 100-200 մետր առաջ գնալու համար: Ընդ որում, այդ հենակետերի մեծ մասի կորուստը այս երկու օրվա ընթացքում մեր բանակի կողմից վերականգնվել է, իսկ հարավում գտնվող հենակետերը գտնվում են մեր բանակի կրակի տակ:
– Ի՞նչ խնդիր է իր առաջ դրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, արդյոք բանակը միայն պաշտպանակա՞ն գործողություններ է իրականացնելու:
– Լեռնային Ղարաբաղի բանակը նախահարձակ չի եղել և ընդամենը օգտագործել է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը: Բայց Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը շարունակի չարաշահել մեր համբերությունը և հանկարծ փորձի հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը, վստահորեն ռազմական գործողությունները կտեղափոխվեն Ադրբեջանի տարածք:
– Ինչո՞ւ Ադրբեջանը հենց այս պահին որոշեց ռազմական գործողություններ սկսել՝ իրե՞ն էր ավելի ուժեղ զգում, թե՞ համարում էր, որ Հայաստանն ու Արցախն են չափազանց թուլացել:
– Թուրքիան և Ադրբեջանը գտնվում են աշխարհաքաղաքական փակուղու և մեկուսացման մեջ՝ չունենալով մասնակցություն աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին: Չեմ բացառում, որ Ադրբեջանին նման արկածախնդրության դրդած լինեն Թուրքիայի իշխանությունները, որոնք կարող էին հույս ունենալ, որ այդ դեպքում կարող են ինչ-որ գործոն դառնալ: Սակայն Ադրբեջանի ռազմական խայտառակ արդյունքները հուսախաբ են արել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի իշխանություններին: Ադրբեջանը պարտվեց ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական ճամբարում. աշխարհը հասկացավ, որ Ադրբեջանը խնդիրը խաղաղ կարգավորելու նպատակ չունի, և բանակցությունները Ադրբեջանի համար ընդամենը միջոց են՝ ժամանակ շահելու և պատերազմի պատրաստվելու համար: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը արդեն դարձել է միջազգային օրակարգի հրատապ հարց, քանի որ միջազգային հանրությունը միայն այդ կերպ կարող է զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումները:
– Իսկ ի՞նչ ցույց տվեցին վերջին չորս օրերի իրադարձությունները Արցախին և ընդհանրապես՝ հայությանը:
– Կարող ենք արձանագրել, որ պատմության հերթական քննությունը մենք պատվով հանձնեցինք, որովհետև ցանկացած նման էքստրեմալ իրավիճակներում մեր ոգին մեզ միասնականացնում է: Հարձակումից ժամեր անց արդեն Հայաստանից հազարավոր կամավորներ զենքը ձեռքներին մեր կողքին էին, Արցախը անմիջապես զգաց Սփյուռքի աջակցությունը: Աշխարհի տարբեր երկրներից՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան, հայությունն իր աջակցությունն է ցուցաբերում Արցախին, շատերը արդեն Արցախում են, մյուսները ինքնաթիռի տոմսեր են գնել և գալիս են Արցախ: Ինչ վերաբերում է արցախցիներին, ապա այս պատմական վիճակը, որ տևում է արդեն 25 տարի, թրծել է արցախցու ոգին, և ինչպես ասել եմ նախկինում, կրկնեմ՝ արցախցու վախի չիպը վաղուց խփված է: Ուզում եմ ասել նաև՝ Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է հյուսվի ազգային գաղափարախոսությունը: Աստված մեզ պահապան:








































