ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր ԼՂ շփման գծում տեղի ունեցողը պատերազմ չէ. «Դա սադրանք է Ադրբեջանի կողմից, որի նպատակը և՛ ներքին սպառման համար է, և՛ արտաքին: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը բացահայտ ասաց, որ Մինսկի խումբը պետք է վերցնի Ղարաբաղը և տա իրենց, հակառակ դեպքում կսկսենք լայնածավալ պատերազմ և Ղարաբաղը կվերցնենք ռազմական ճանապարհով»:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ միջազգային հանրության համար արդեն ակնհայտ է, թե որ կողմն է խախտել զինադադարը, քանի որ այդ մասին ասացին նաև Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը. «Նրանց նպատակն է պատերազմի վերսկսման սպառնալիքով խուճապ առաջացնել Հայաստանում և Ղարաբաղում՝ այդ կերպ ազդելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որպեսզի վերջինս գնա զիջումների»:
Սակայն ինչպես նկատեց պաշտպանության նախկին նախարարը՝ արդյունքում մեր բանակը ցույց տվեց իր մարտունակությունը և ոչ միայն կանխեց հարձակումը, այլև կարճ ժամանակում անցավ հակահարձակման:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց. «Այսօր մենք կարող ենք հստակ ասել, որ Թուրքիան է ուղղորդել Ալիևին, որը գնացել է այս սադրանքին ոչ հաշվարկված: Ես համոզված եմ՝ այդ քայլին դիմելն այսօր չէր բխում Ադրբեջանի շահերից: Եվ մենք հետագայում կտեսնենք, թե սա ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանում՝ և ներքին սպառման համար, և բանակում, որին մեր բանակը 3 օրում ջախջախեց»:









































