«Միանգամայն հասկանալի է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի և արտաքին տպավորիչ ներդրումների բացակայության պայմաններում Հայաստանի ղեկավարությանը այլ բան չի մնում, քան սահմանադրական փոփոխությունները վաճառել դրսում և առաջացնել որոշակի սպասումներ, և դա դարձնել որպես հրավեր որոշակի ներդրումների ներգրավման համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցին:
Սակայն քաղաքագետի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանին շատ լավ հայտնի են, թե ինչու են ամերիկահայերը անհաղորդ դարձել Հայաստանի տնտեսական կյանքին. «Ուստի դա, կարծում եմ, հուսահատ փորձ էր՝ սահմանադրական փոփոխությունները դարձնելու խայծ ամերիկահայ գործարարներին ներգրավելու»:
Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահը վաղ թե ուշ ստիպված է լինելու ընդունել, որ քանի դեռ երկրում կոռուպցիայի համակարգային խնդիրները լուծված չեն, քանի դեռ երկրում ժողովրդավարության մակարդակը բավարար չէ սեփական հասարակության մետ սպասումներ առաջացնելու համար, չի կարող հրապուրել օտարերկրյա ներդրողին:
Ստեփան Սաֆարյանին զարմացրել է նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության Սերժ Սարգսյանի հիմնավորումը:






































