Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ին կոչ է արել հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Սի Ցզինպինն այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի կուլուարներում: Չինաստանի նախագահը նաև ամերիկյան կողմին երկու ափերի միջև (Թայվանի նեղուց) խաղաղ հարաբերությունների զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերի կոչ է արել: Նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում այդպիսի քաղաքականությունը դրականորեն կազդի Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:
Սի Ցզինպինը նաև ասել է, որ Չինաստանն այլևս մտադիր չէ համակերպվել Հարավչինական ծովում նավագնացության ազատության պատրվակով իր ինքնիշխանության խախտմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Հուսով ենք՝ բոլոր կողմերն իրենց կոռեկտ կպահեն Հարավչինական ծովում և օբյեկտիվ ու անկողմնակալ դիրքորոշում կունենան… Դա վերաբերում է հատկապես այդ շրջանի սահմաններից դուրս գտնվող երկրներին»,- ասել է նա:
Հարավչինական ծովում Չինաստանը հավակնում է մի շարք վիճելի կղզիների: Նույն ջրային տարածքների նկատմամբ իրավունքները վիճարկում են նաև Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը և Վիետնամը:











































