Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով բանակցությունների առաջին փուլն արդեն սկսվել է:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ այս գործընթացը քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դիտարկում են որպես բանակցություններ, իսկ իշխանության ներկայացուցիչները համարում են քննարկումներ:
«Իհարկե սկզբունքային տարբերություն կա այդ երկու եզրույթների միջև: Ավելի արդյունավետ կլինի, եթե դրանք բանակցություններ լինեն, և այդ բանակցությունների վերջում հստակ կողմնորոշում լինի, թե ինչպիսի արդյունքների են հասել, իսկ քննարկումները բոլորվին չեն ենթադրում արձանագրված արդյունք»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա նաև հավելեց, որ մեկ կողմը կարող է համոզել մյուս կողմին, որ հենց իր առաջարկած տարբերակն է առավել արդյունավետ՝ առաջին հերթին այն առումով, որ ընտրությունները, քվեարկությունը վերահսկելի լինեն և արդյունքները՝ ստուգելի, և ցանկացած ճանապարհով, ցանկացած փոփոխության իրականացմամբ եթե այդ խնդիրը լուծվի, ապա կարելի է ասել, որ գործընթացն արդյունավետ է:
Բ. Նավասարդյանի կարծիքով՝ ընտրացուցակների հրապարակումն անհրաժեշտություն է, առանց դրա տարբեր «մախինացիաներ» կարող են իրականացվել:
Եթե ներկայացված հինգ առաջարկները չքննարկվեն, ապա, ըստ Բ. Նավասարդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս գործընթացը կհամարեն տապալված. «Գոնե փաստարկները պետք է լսվեն, և որևէ կողմ պետք է ապացուցի իր ճշմարիտ լինելն այս հարցում և հիմնավորի դա»:
«Ոչ մեկը միամիտ չէ, որ մտածի՝ իդեալական ընտրություններ ենք ունենալու, բայց եթե Ընտրական օրենսգիրքը և իրավական մեխանիզմները առաջընթացի հնարավորություն տան, եթե հնարավոություն լինի մոտենալու լեգիտիմ ընտրությունների, մենք առանց քաղաքական ինտրիգների կընդունենք, որ այս ԸՕ-ն նպաստում է առաջընթացին,- նշեց Բորիս Նավասարդյանը:- Եթե միայն կոսմետիկ փոփոխություններ լինեն, մենք բնականաբար արձանագրելու ենք և պնդելու ենք մեր կարծիքը, որ դա ընդամենը պատրանքներ ստեղծելու փորձ էր իշխանությունների կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































