Այդ տիտղոսին առաջինն արժանացել է Վեվեում խաղողագործության համաշխարհային տոնակատարությունը:
Շվեյցարիան պաշտոնապես առաջ է քաշել մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում Բազելի կառնավալի ընդգրկման հարցը, հայտնում է RIA Novosti-ն: Հայտը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել հինգշաբթի օրը: Սպասվում է, որ որոշումը կընդունվի 2017 թվականի նոյեմբերին:
Բազելի կառնավալը սկիզբ է առել 16-րդ դարում և համարվում է բողոքական կառնավալային ավանդության հազվագյուտ օրինակ: Այն տեղի է ունենում ամեն տարի փետրվարին կամ մարտին՝ 3 օրվա ընթացքում, և նվիրված է կաթոլիկների Մեծ Պահքի սկզբին: Կառնավալը Շվեյցարիայի ամենաբազմամարդ տոներից է, որին մասնակցում են մի քանի հազար մարդ:
Ամենատեսարժան պահը հանդիսանում են կառնավալի առաջին ժամերը: Առավոտյան ժամը 4-ին բազմաթիվ փողային և հարվածային գործիքների հնչյունների տակ քաղաքային լուսավորությունը մարում է և փողոց են դուրս գալիս մասնակիցները, ովքեր իրենց գլուխներին կամ ձեռքերում տանում են մոմեր և տարբեր լապտերներ: Դա շարունակվում է մինչև լուսաբաց:







































