Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանը որոշել է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ կապված Թուրքիայի քրեական օրենսգրքում հոդվածի չեղարկման հետ, որը պատասխանատվություն է նախատեսում նախագահին վիրավորելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ 1845 քաղաքացիների հանդեպ տարվում է հետաքննություն, որոնք մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։
Թուրքական օրենքներով՝ նախագահին վիրավորելու համար նախատեսվում է դրամական տուգանք կամ 1-4 տարվա ազատազրկում։ Դատարանը դիտարկել է Ստամբուլի համալսարանի երկու ուսանողի գործը, որոնք մեղադրվում են ԶԼՄ-ների միջոցով Էրդողանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Ուսանողների փաստաբան Շերիֆ Օզգյուր Ուրֆան դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նախագահին վիրավորելու համար պատիժը Թուրքիայի Սահմանադրության խախտում է, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։









































