Սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցերին նվիրված խորհրդաժողովը, որը մարտի 30-ին կայացել է Ժնևում, քննարկել է այդ սուր հիմնախնդրի լուծման ուղիները։ Մի շարք պետություններ առաջարկել են լրացուցիչ տեղեր հատկացնել սիրիացիների վերաբնակեցման համար, որոնք ապաստան են գտել իրենց հայրենիքի հարևան երկրներում: Սակայն համաժողովի գլխավոր արդյունքը դարձել է միջազգային հանրության կողմից ցուցադրված միասնությունը միգրացիոն ճգնաժամի դեմ։
Ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները, որը մեկտեղել էր 92 պետությունների և երեք տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ուշադրություն է դարձրել նրա մասնակիցների կողմից «համերաշխության և պատասխանատվության բաժանման անհրաժեշտության հստակ ըմբռնման վրա»:
Համաժողովի մասնակից երկրները խոստացել են տեղավորել մինչև 185 հազար փախստականի: Իտալիան հայտարարել է 1.5 հազար, Շվեդիան՝ 3 հազար հավելյալ տեղեր տրամադրելու մասին, ԱՄՆ-ը հաստատել է մինչև սեպտեմբերի վերջը 10 հազար սիրիացիների ընդունելու իր նախկին պլանները: Եվրամիությունը մտադիր է տեղավորել 54 հազար մարդու: Մինչդեռ ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել էր, որ վերաբնակեցման կարիք ունեն 480 հազար սիրիացիներ:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ Սիրիայում հակամարտության հինգ տարվա ընթացքում ներքին տեղահանված անձ է դարձել 6.6 միլիոն մարդ: Սիրիայի հարևան երկրներում ապաստան է գտել շուրջ 4.8 միլիոն սիրիացի, հարյուր հազարավորներ սիրիացիներ ուղևորվել են Եվրոպա։








































