Անցած շաբաթ ավելի քան 40 նյույորքցի միլիոնատերեր բաց նամակ են հրապարակել, որում նահանգի իշխանություններին կոչ են արել ավելացնել իրենց հարկերը՝ հայտնում է kommersant.ru-ն:
«Մեր տարեկան եկամուտը կազմում է 665 հազար դոլարից ոչ պակաս: Մենք կարող ենք մեզ թույլ տալ հատկացնել ավելին՝ օգնելու համար չքավորության մեջ ապրող երեխաներին, անօթևաններին և ցածր եկամուտ ունեցող մարդկանց,- ասվում է նահանգապետ Էնդրյու Կուոմոյին և Նյու Յորքի օրենսդիր ժողովի անդամներին ուղղված նամակում:- Մենք նյույորքցիներ ենք, որոնք ապահովում են և առավելություններ ստանում մեր նահանգի տնտեսական էներգիայից: Մենք և՛ հնարավորություն, և՛ պատասխանատվություն ունենք վճարելու մեր արդար բաժինը»:
Նամակը կազմել են 2 շատ հարգված հասարակական կազմակերպություններ՝ Ֆիսկալ քաղաքականության ինստիտուտը և «Պատասխանատու հարստություն» կազմակերպությունը, որում ընդգրկված են հարյուրավոր հարուստ ամերիկացիներ, որոնք հանդես են գալիս հօգուտ «արդար հարկահանության և կորպորացիաների պատասխանատվության»: Նամակը ստորագրողների թվում են Սթիվեն Ռոքֆելլերը՝ Ռոքֆելլեր ընտանիքի 4-րդ սերնդի անդամ, հայտնի բարեգործներ Էլսփեթ Գիլմորը և Ջոզեֆ Մեյլմանը:
Նահանգի հարկային օրենսդրության համաձայն՝ ավելի քան 2 մլն դոլար ունեցող հարկ վճարելու ենթակա ցանկացած մարդ վճարում է 8,82% եկամտահարկ: Նամակի հեղինակներն առաջարկում են այդ կանոնը տարածել բոլորի վրա, ում հարկահանության ենթակա բազան հավասար է կամ գերազանցում է 1 մլն դոլարը: Ներկայում նահանգի օրենսդիրները ձգտում են ընդունել նոր հարկային օրենսդրություն՝ գործողի փոխարեն, որի գործողության ժամկետը սպառվում է 2017թ. վերջին:








































