Բատայի համալսարանի, Լոնդոնի Քվին-Մերի համալսարանի և Բրիսթոլի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի գիտնականները մշակել են միկրոբային վառելիքային տարրեր, որոնք հնարավորություն են տալիս մեզից ստանալ էներգիա: Աշխատանքի նկարարագրությունը հրապարակված է Electrochimica Acta ամսագրում:
Միկրոբային վառելիքային տարրերն աշխատում են օրգանական նյութեր վերամշակելու որոշ բակտերիաների ունակության հիման վրա, ինչի շնորհիվ հնարավոր է էլեկտրական հոսանք ստանալ: Միաժամանակ, բավարար է սենյակային ջերմաստիճանն ու սովորական ճնշումը, ինչն անհասանելի է կենսաէներգիայի ստացման այլ միջոցների դեպքում:
Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են էժան ածխածնային մանրաթել և տիտանե մետաղալար: Ռեակցիան արագացնելու համար միկրոբային տարրում կատալիզատոր է եղել՝ պատրաստված գլյուկոզայից և ձվի սպիտակուցից: Որպես էներգիայի աղբյուր օգտագործվել է մեզը:
Հետազոտողների խոսքով՝ նորույթն ավելի էժան և ավելի հզոր է, քան ավանդական միկրոբային վառելիքային տարրերը:










































