Վենեսուելայում ուսանողները բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով ուսանողական ճաշարաններում սննդի բացակայությունից: Այս մասին հայտնում է El Nacional պորտալը։
Նշվում է, որ Մերիդա քաղաքում ապագա բժիշկները դժգոհում են մթերքի մատակարարումների բացակայության պատճառով ճաշարանները փակելու համալսարանի ղեկավարության որոշումից։
Ուսանողները փակել էին համալսարանի շուրջ մի քանի փողոցներ ու անվադողեր վառել։ Ակցիան վերածվել էր ոստիկանության հետ բախումների։
Ազգային գվարդիան արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ուսանողները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել։
Մի քանի երիտասարդներ թեթև վնասվածքներ են ստացել։










































