Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR-ը, ծրագրում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից 3 մլրդ խմ գազ գնել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևին:
«Մեզ այդ գազը պետք է, որպեսզի այն ներմղենք նավթաշերտեր` նավթի կայուն արդյունահանումն ապահովելու համար: Բացի այդ, մեր գազապահեստարանների ծավալը կազմում է 5 մլրդ խմ, և մենք ուզում ենք ստուգել դրանց առավելագույն բեռնավորումը: SOCAR-ը ծրագրում է Ռուսաստանից 3 մլրդ խմ գազ գնել: Մենք արդեն «Գազպրոմ»-ին ներկայացրել ենք մեր առաջարկները»,-ասել է նա:
SOCAR-ի ղեկավարը հայտնել է, որ միաժամանակ բանակցություններ են վարում նաև իրանական կողմի հետ:
«Խոսքը գազի կուտակման գործողութունների մասին է: Մենք ցանկանում ենք գազ կուտակել պահեստներում, իսկ ձմռանը մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններ»,-ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախկին վարչապետ, իսկ այժմ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, անդրադառնալով եվրոպական շուկայում ռուսաստանյան գազին Ադրբեջանի մրցակից դառնալու հարցին, Բաքվում հայտարարել էր. «Ադրբեջանն այժմ մեզնից տարեկան 2 մլրդ խմ գազ է գնում: Մենք այդ մասին Բաքվի հետ մինչև 2025 թվականը պայմանագիր ունենք»:
Զուբկովը նաև հավելել էր, որ Ադրբեջանին չի փրկի նաև «Շահդենիզ» գազի հանքահորի գործարկումը Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա գազ հասցնելու համար:
«Դա դեռ պետք է լինի 2020 թվականին: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, դեռ պետք է ապրել»,-ասել էր նա:











































