Վրաստանում ծխում է բնակչության 40 տոկոսը, նրանց 60 տոկոսը տղամարդիկ են, 15 տոկոսը՝ կանայք, և, այդպիսով, երկիրը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը ծխողների թվով: Այս մասին Sputnik-ին հայտնել Է «Ծխախոտի վերահսկողության դաշինք» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գեորգի Բախտուրիձեն:
Երեք տարի առաջ առաջին տեղն զբաղեցնում էր Ռուսաստանը, սակայն, Բախտուրիձեի խոսքով՝ երկիրն զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը խիստ հակածխախոտային քաղաքականության միջոցով:
Վրաստանում ամեն տարի 250 հազար մարդու մոտ հայտնաբերվում են տարատեսակ հիվանդություններ, որոնք առաջանում են ծխելու պատճառով: «Ծխախոտի վերահսկողության դաշինքի» տնօրենը Վրաստանի իշխանություններին մեղադրել է երկրում ծխախոտային գործարարության զարգացմանն օժանդակելու մեջ՝ նշելով, որ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում կառավարությունը 2,5 միլիոն լարի (1 միլիոն դոլար) է տրամադրել արդունաբերությանը:









































