ԱՄՆ Կոնգրեսը կհասնի Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանման՝ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը։
Ռայանի խոսքով՝ երեքշաբթի Իրանի կողմից անցկացված բալիստիկ հրթիռների փորձարկումները հակասում են միջազգային իրավունքին։ Պալատի խոսնակը դրանք սադրանք է անվանել՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ։
Իրանի դեմ պատժամիջոցները պետք է գործեն, քանի դեռ ռեժիմը չի դադարեցրել իր «ագրեսիվ, սադրիչ վարքագիծը՝ ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ»՝ ասել է նա։
Վերջին անգամ Իրանում հրթիռային փորձարկումներ են անցկացվել 2015 թվականի աշնանը։ Ի պատասխան՝ հունվարին ԱՄՆ-ը սահմանել է իրանական ընկերությունների ու մասնավոր անձանց դեմ նոր պատժամիջոցներ։
Իրանը պնդում է, որ հրթիռների փորձարկումները կապված չեն միջուկային ծրագրի հետ։









































