Մանկատնից հետո՝ նոր մանկատուն, միայն թե Մեր տան դռները բաց են մանկատան շրջանավարտների առաջ: 12 ընտրյալներն են, աղջիկներին այստեղ կրթության են տալիս, պատրաստում ընտանիքի սյուն՝ լավ կին ու մայր դառնալու: Մեր տունն այն վայրն է, որտեղ մարդն ազատվում է մանկատան երեխա պիտակից:
Մանկատնից դուրս եկած այս աղջիկներից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի, բայց կա մի բան, որ կարմիր թելով կապում է նրանց բոլորին. նրանցից ոչ մեկը կյանքում չի ստացել ամենակարևորը՝ մոր ջերմությունն ու գորովանքը։
Ծնող ունեք հարցին կտրուկ են պատասխանում: Տոնի առիթով հյուրասիրություն. աղջիկներն իրենց ձեռքի շնորհքը ցույց տալու առիթը բաց չեն թողնում, ոսկի ձեռքեր ունեն:
Պիտի աշխատես, որ ուտես. Մեր տան դրվածքն է: Խոհանոցն աղջիկների աշխարհն է. պատրաստողն էլ, ուտողն էլ իրենք են: Այսօր հերթապահը Մարիետան է, գործի կեսն արդեն գլուխ է բերել, մնացել է մյուս կեսը:
Երեք քույր, երեքն էլ մանկատանը… Մարիետան, Մարգարիտան և Անուշն ավելի քան 15 տարի առանց ծնողների են, մանկատան թողած անամոք հետքը նոր են հաղթահարել: Մեր տանն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում… կրթություն ունեն: Մարգարիտայի մի երազանքն իրականացել է, մայր ԲՈՒՀ-ն է ավարտել, մշակութաբան է, հիմա աշխատանքի մասին է երազում:
Աղջիկների փոքր քույրը ձեռքի շնորհք ունի: Մոր մասին չի խոսում, փոխարեն՝ բաժակի պատկերն ավելի քան խոսուն է:
Արփինեն 3 տարեկանից Գավառի մանկատանն է մեծացել: Մեր տանն առաջինը տերունական աղոթքն է գործել:
Այն, ինչ չի ստացել ծնողներից, Արփինեն պատրաստվում է տալ ապագա զավակներին:
Մեր տան ամենաավագ աղջկա զրկանքները փոխհատուցվել են: Ապրիլին հարսանիքն է: Փեսացուն Կանադայից է: Բախտը ժպտացել է պատահականորեն:
10 տարվա ընթացքում 14 աղջիկ տնից քողով է գնացել, տնօրենը հաշվել է, 18 թոռ ունի արդեն: Մոր ջերմությունն աղջիկները նրանից են ստանում, ու չնայած չի թողնում՝ իրեն մայր կոչեն, բայց սիրով է մայրություն անում: Աղջիկներին ամեն պատահածի հարս չի տա: Պոտենցիալ փեսացուին էլ, գերդաստանն էլ ուղնուծուծով տնտղում է, հետո միայն այո ասում:,
Անիի դեմքին կյանքի ծանր դրոշմից հետք չի մնացել: Անընդհատ ժպտում է: Բողոքելու առիթ գրեթե չունի, սիրում է, սիրված է, սկեսուրին էլ շատ է հավանել:
Տոնի առթիվ աղջիկների շնորհավորանքը մեկ հասցեատեր ունի, Մեր տան տնօրենն է իրենց իսկական մայրը:
Աղջիկների խաթարված հոգեբանության հետքն էլ չի մնացել։ Մասնագետները ջանք չեն խնայել: Կրթված են, նպատակներով լի, բաց են շփման մեջ, բայց մի մարդու պես ամփոփվում են, երբ խոսք է գնում մոր մասին: Ի՞նչ են մաղթում իրենց մայրերին. սա միակ հարցն է, որին ի պատասխան աղջիկները լուռ են։












































