Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անզգույշ արտահայտությունները երկու երկրների միջև դարձել են քաղաքական սկանդալի պատճառ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ամեն ինչ սկսվել է Մերկելի քաղաքական հակառակորդ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Պեեր Շտայնբրյուկի հայտարարությունից: Նա ասել է, որ Հունգարիային, որտեղ վերջին տարիներին «բռնապետական ռեժիմ է հաստատվել», ԵՄ-ից վտարելու ժամանակն է:
Նման հայտարարությունից ցնցված Անգելա Մերկելը փորձել է հարթել անհարմար վիճակը, սակայն ավելի է վատացրել այն: «Այո, պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու երկիրը ճիշտ ռելսերի վրա: Սակայն ինձ թվում է՝ կարիք չկա անհապաղ այնտեղ հեծելազոր մտցնել»,- ասել է կանցլերը:
Մերկելի այդ հայտարարությունը Հունգարիայում պայթած ռումբի էֆեկտ է ստեղծել: Վարչապետ Օրբանը հայտարարել է, որ գերմանացիները մի անգամ արդեն Հունգարիա հեծելազոր ուղարկել են տանկերի տեսքով, սակայն դա վատ գաղափար էր, որը հաջողության չի բերել: Օրբանն ի նկատի է ունեցել 1944-ին Հունգարիայի նացիստական օկուպացիան:
Դրանից հետո Օրբանը Մերկելի քաղաքականությունն իր երկրի նկատմամբ համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների նացիստական Գերմանիայի գործողությունների հետ:
Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, հայտնի կդառնա մայիսի 22-ին, երբ երկու երկրների առաջնորդները հանդիպեն ԵՄ գագաթնաժողովին: Գերմանացի քաղաքական գործիչներն արդեն հիմա խորապես վրդովված են Օրբանի հայտարարությունից: