2015 թվականին աշխարհում հայտնաբերվել են ավելի քան 600 նոր փսիխոակտիվ նյութեր` 55%-ով ավելի, քան մեկ տարի առաջ: Այդ մասին ասված է թմրանյութերի վերահսկողության Միջազգային կոմիտեի (МККН)՝ չորեքշաբթի ներկայացված զեկույցում, հայտնում է TASS-ը:
Զեկույցում նշված է, որ այդ նյութերը աճող սպառնալիք են ներկայացնում, քանի որ նոր ֆորմուլաներն ու միացությունները աճում են հսկայական արագությամբ, և դրանց հետապնդելն ավելի բարդ է դառնում:
Փորձագետները նշում են, որ փսիխոակտիվ նյութերի տարածման գործում մեծ դեր ունի համացանցը: Այսպես` Եվրոպայի վերահսկողության մարմինները 2013-2014 թթ. հայտնաբերել են ավելի քան 600 կայք, որոնց որոշ մասը թմրանյությեր է վաճառել մի քանի կիլոգրամի հասնող խմբաքանակներով:
МККН-ի տվյալներով` Հյուսիսային Ամերիկան մնում է թմրանյութերի օգտագործումից մահացածության ամենաբարձր մակարդակ ունեցող տարածաշրջանը: Միաժամանակ նշվում է, որ աշխարհում թմրանյութերից մահացող յուրաքանչյուր հինգերորդ մարդը ապրել է Ամերիկայում:
Թմրանյութ օգտագործողների քանակը մեծ է նաև արևելյան Եվրոպայում: Այսօրվա դրությամբ արևելյան և հարավարևելյան Եվրոպայի 15-64 տարեկանների 1.27 %-ը օգտագործում են թմրանյութեր` կիրառելով ներերակային ներարկումները: Նույն ցուցանիշը Ռուսաստանում կազմում է 2.29 %:









































