Լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է լրագրող Լիլիթ Լալայանը՝ նշելով, որ հանձնաժողով են դիմել «Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և «Լրագրողների միավորում» ՀԿ-ները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից ետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:
«Նշել ենք միայն հայհոյելու փաստը, որովհետև նախիր ասելու փաստն ըստ էության տեսանյութերում չկար: Հիմք ենք ընդունել «Ա1+» հեռուստաընկերության youtube-ի ալիքի տեսանյութը, որտեղ Մհեր Սեդրակյանը հայհոյել է: Այդ տեսանյութն ենք հիմք ընդունել որպես ապացույց»,- ասաց Լիլիթ Լալայանը՝ դժգոհելով, որ հանձնաժողվ ներկայացված դիմումի ձևն իրենց չի հաջողվել գտնել ԱԺ-ի կայքում, քանի որ դիմումի օրինակելի ձևը հանվել է խորհրդարանի կայքից: Լրագրողի խոսքով՝ ինքը նախկինում էլ էր դիմել էթիկայի հանձնաժողով և, բարեբախտաբար, այդ դիմումի օրինակը եղել է իր մոտ, որն էլ լրացնելով դիմել են հանձնաժողով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































