ԵՄ խորհուրդը կարող է «Հըզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել մայիսի 27-ին կայանալիք բլոկի արտգործնախարարների պլանային հանդիպմանը: Այս մասին հայտարարել է դիվանագիտական աղբյուրը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ներկայում դիտարկվում են մի շարք տարբերակներ, որոնցից առավել հավանականը կդառնա այդ կազմակերպության մարտական թևն ահաբեկչական կառույցների եվրոպական ցուցակում ներառելը»,- հայտարարել է դիվանագետը:
Ի տարբերություն Իսրայելի և ԱՄՆ-ի, ԵՄ-ն «Հըզբոլլահ» կազմակերպությունը դեռևս ահաբեկչական չի համարում: Այն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ քննարկումները զգալիորեն սրվեցին անցած տարվա հուլիսի 18-ին՝ Բուրգասում տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման ուղղությամբ Բուլղարիայի իշխանությունների անցկացրած հետաքննության ավարտից հետո: Իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել 30 մարդ: Բուլղարիայի իրավապահ մարմինները պարզել էին, որ ահաբեկչության կազմակերպիչները կապված են եղել «Հըզբոլլահ» շարժման հետ:
Այս ուղղությամբ ԵՄ-ի վրա ակտիվ ճնշում են շարունակում գործադրել Թել-Ավիվն ու Վաշինգտոնը, որոնց ԵՄ ներսից ակտիվորեն աջակցում է Լոնդոնը:










































