Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Կարս նահանգի մի շարք շրջաններ հայտարարվել են «անվտանգության հատուկ գոտիներ»։ Դա մասնավորապես առնչվել է Սարիղամիշի ու Քաղըզմանի մի շարք հատվածների։
Այդ մասին նշված է Կարսի նահանգապետարանի ինտերնետային կայքում։ Ընդգծվում է, որ դա արվել է այդ շրջաններում ահաբեկչական հնարավոր հարձակումները կանխելու նպատակով։ Դրանց մի մասում «անվտանգության հատուկ գոտու պահպանումը» պահպանվելու է մինչև մարտի 7-ը, իսկ մյուսներում՝ մինչև մարտի 15-ը։
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները 2015 թվականի օգոստոսի սկզբին ու վերջին երկու անգամ պայթեցրել են «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը, որով ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասնում է Եվրոպա։
Նույն թվականի օգոստոսի սկզբին PKK զինյալները Կարս նահանգի Քաղըզման շրջանում կանգնեցրել են Էրզրում-Իգդիր ավտոճանապարհով անցնող մարդատար ավտոբուսը և երկու ժամով պատանդ պահել 36 ուղևորի, որոնց թվում եղել են նաև ադրբեջանցիներ։ PKK-ի զինյալներն այրել էին ավտոբուսը։
2015 թվականի հուլիսի վերջին էլ PKK-ն Սարիղամիշի շրջանում ռմբային հարված էր հասցրել TANAP («Անդրանատոլիական») գազատարի համար խողովակներ տեղափոխող բեռնատար գնացքին։












































