Դպրոցը պետք է դարձնել հասարակական արժեք։ Սա է կրթության և գիտության նախարարության կողմից նախաձեռնված «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական գովազդների նպատակը:
«Կրթությունը պետք է վերադարձվի հասարակությանը. սա անելու համար ընդունելի են բոլոր միջոցները, նաև սոցիալական գովազդը»,- «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական գովազդների շնորհանդեսը ժամանակ ասաց ԿԳԹ նախարար Արմեն Աշոտյանը:
Սոցիալական գովազդները մեկ ամիս կլինեն հայկական բոլոր այն հեռուստաալիքների եթերում, որոնք կհամաձայնեն այն տեղադրել անվճար հիմունքներով: Նախարարը նաև Երևանի կենտրոնական փողոցներում «Ես սիրում եմ իմ դպրոցը» պաստառներ տեղադրելու հարցում է ուղարկելու Երևանի քաղաքապետարան:
«Սոցիալական գովազդում երեխաներին գրավելու համար օգտագործվել են նրանց հետաքրքրող թեմաներ`բջջային հեռախոսներ, խաղեր, վերնաշապիկներ: Սեպտեմբերին դուրս կգա սոցիալական գորվազդի շարունակությունը, որի հերոսները ավելի բարձր դասարանի աշակերտներ են լինելու»,- ասում է Part ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը:
«Ֆիլմի հերոսները սիրում են իրենց դպրոցը, և դա չի կարող վարակիչ չլինել երեխաների համար: Ամեն անգամ նրանք կհիշեն, որ կան մարդիկ, ովքեր սիրում են իրենց դպրոցը»,- ասում է «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը: