Բարաք Օբաման շարունակում է կարծել, որ ձեռնարկատեր Դոնալդ Թրամփը չի կարող դառնալ ԱՄՆ նախագահ։ «Մեր նախագահը շարունակում է պահպանել այդ գնահատականը»,- երկուշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցում ասել է Օբամայի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրան խնդրել են մեկնաբանել նախընտրական հարցումների արդյունքները, որոնք վկայում են Թրամփի մեծ ժողովրդականության մասին, այդ թվում՝ կիրթ հանրապետականների շարքում։ Թեման քննարկվել է «սուպերերեքշաբթիի» նախօրեին։
«Սուպերերեքշաբթին» կարևոր սահման է նախընտրական պայքարում, որից մեծապես կախված է, թե ով կներկայացնի իշխող Դեմոկրատական և ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունները նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Մարտի 1-ին քվեարկության ներկուսակցական առաջնային ընտրական փուլը կանցկացվի մեկ տասնյակից ավելի նահանգներում։
Հարցին, թե Թրամփին համարո՞ւմ է ռասիստ, Սպիտակ տան մամլո քարտուղարը պատասխանել է, որ «ժողովուրդը պետք է անձամբ որոշի»։
Ավելի վաղ Էռնեստն ասել էր, որ հանրապետական բոլոր թեկնածուների հռետորաբանությունը չի արտացոլում այն «արժեքները, որոնք վաղուց թանկ են մեր երկրի համար»։









































