1969թ. այս օրը Բեյրութում վախճանվեց քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար Սիմոն Վրացյանը: Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար և չորրորդ վարչապետը:
Ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1908-1910 թվականներին սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում:
1906թվականից սկսում է հեղափոխական գործունեությունը, զենք է ձեռք բերում և ուղարկում Արևմտյան Հայաստան` ֆիդայական ջոկատներին: 1907 թվականին մասնակցում է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին: 1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայում «Հասկ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունը առգրավում է: Վախենալով հետապնդումից Վրացյանը փախչում է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս:
Հետագա տարիներին դասավանդում է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրում է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր: 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը:
1919 թվականին ընտրվում էՀայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ: 1920 թվականի մայիսին նշանակվում է Համազասպ Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 նոյեմբերին դառնում է ՀՀ կառավարության վարչապետ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորում է Հայրենիքի փրկության կոմիտեն: 1921 թվականի օգոստոսից հետո ապրում է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում: Շարունակում է քաղաքական գործունեությունը:
1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Պալանջյան» վարժարանի տնօրենն էր: Վրացյանը մի շարք պատմական ստեղծագործությունների հեղինակ է: Արժեքավոր նյութեր են պարունակում «Հայաստանի Հանրապետություն» մենագրությունը (1928), «Կյանքի ճանապարներով» (1967) և մի շարք գրքեր նվիրված ՀՅԴ պատմությանը:









































