Ամերիկացի նյարդաբանները հազվագյուտ հոգեկան խանգարում են նկարագրել՝ Witzelsucht կամ կատակելու անվերահսկելի ցանկություն: Գիտնականները նշել են ծիծաղի և հումորի զգացումի վնասվածքի անկախ բնույթը, նաև վնասվածքի բազմազանությունը, որը հանգեցնում է յուրահատուկ ախտանիշների: Հետազոտությունը ներկայացված է The Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences ամսագրում:
Գիտնականները պատմում են տարբեր էթիոլոգիայով և Witzelsucht-ի զարգացման տարբեր ընթացքով 2 հիվանդների հիվանդությունների պատմությունները: Նրանցից առաջինը՝ 69-ամյա տղամարդ, արդեն 5 տարի անընդհատ կատակելու ցանկություն ունի: Դա առաջացրել է նրա կնոջ դժգոհությունը. հիվանդը հաճախ նրան գիշերներն արթնացրել է նոր կատակ պատմելու համար: Հետո կնոջը չանհանգստացնելու համար նա սկսել է դրանք գրառել տետրի մեջ, որը տարել է բժիշկներին: Բժիշկները խանգարումը կապել են վերջերս տարած կաթվածի հետ, որը վնասել է ուղեղի պոչավոր միջուկը: Մեկ այլ պատճառ կարող էր դառնալ սուբարախնոիդալ արյունազեղումը, որը վնասել է ճակատային բլթի աջ մասը:
Երկրորդ հիվանդը 57 տարեկան տղամարդ է, որը մի քանի տարում վերածվել է կատակասերի: Միաժամանակ նա դարձել է ավելի անկաշկանդ, իրեն ավելի անպարկեշտ է պահել: Նա սկսել է անդադար կատակել ու ծիծաղել միայն իր հումորների վրա: Ուրիշի հումորները բոլորովին ոչ ծիծաղելի են թվացել: Հետո տղամարդու հոգեկան վիճակը վատացել է. նրա մոտ ի հայտ են եկել Պարկինսոնի հիվանդության նշաններ, մի քանի տարի անց նա մահացել է:











































