ԱՄՆ-ում երկուշաբթի երեկոյան սկսվել է օպերացիա՝ մասշտաբային օգնություն ցուցաբերելու տորնադոյի հարվածի ներքո հայտնված ամերիկյան շրջանների տուժածներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը (FEMA)՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Տարերային աղետի հետևանքով Օկլահոմայում զոհվել է 51 մարդ: Եվս 120-ը հոսպիտալացվել են:
ԱՄՆ վարչակազմը գնահատում է իրավիճակն ու պատրաստվում օգնություն տրամադրել նահանգի իշխանություններին՝ աղետի հետևանքների վերացման համար՝ հայտնում է FEMA-ն: Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Վաշինգտոնում ակտիվորեն գործել է արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կենտրոնը, որը համակարգում է տարբեր դաշնային ծառայությունների գործողությունները:
FEMA-ն նախազգուշացնում է, որ եղանակային ծայրահեղ դրսևորումների ռիսկը պահպանվում է Օկլահոմա, Կանզաս, Միսուրի, Արկանզաս, ինչպես նաև Իլինոյս և Վիսկոնսին նահանգներում: Քաղաքացիներին խնդրում են լսել ռադիո և հնարավոր տարերային աղետների մասին տեղեկանալ համացանցով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկատվություն է ստանում Օկլահոմայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և արդեն խոստացել է օգնել նահանգի իշխանություններին:












































