Հազարավոր մարդիկ կարող են Սիրիայում մահացած լինել պաշարված քաղաքներում սովի հետևանքով։ Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակաար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը՝ Ժնևում բացելով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 31-րդ նստաշրջանը։
ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանի տվյալներով՝ մինչ օրս ավելի քան 450 հազար մարդ արգելափակված է պաշարված քաղաքներում ու բնակավայրերում, որոշ դեպքերում դա շարունակվում է արդեն տարիներ։
«Բնակչությանը միտումնավոր կերպով սովի հասցնելն անկասկած մարտական գործողությունների վարման համար արգելված զենք է»,- ասել է նա։
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել է, որ 2016 թվականի հունվարի սկզբից Սիրիայում, որտեղ մի քանի տարի շարունակվում է զինված հակամարտությունը, վնասվել կամ ավերվել են 10 հիվանդանոցներ և բուժկետեր։
Նշվում է, որ շաբաթական ավերվել է ավելի քան 1 բուժհաստատություն։ Թե ինչ հանգամանքներում են ավերվել բուժմասերը՝ չի հստակեցվում։










































