Վանուատուի Հանրապետությունը հրաժարվել է նախկինում ընդունած որոշումից՝ Աբխազիայի անկախության ճանաչումից: Այս մասին նշվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-յան պաշտոնական էջում:
Սաակաշվիլիի խոսքերով՝ «Ռուսաստանը, շանտաժի քաղաքականությամբ՝ վախեցնելով և կաշառելով, փորձում է քայլեր ձեռնարկել իր ընդունած որոշման օրինականացման վերաբերյալ, սակայն Վրաստանի նախկին կառավարությունն իր դիվանագիտական ջանքերով կարողացավ արգելափակել այդ գործընթացը»:
«Վրացական կողմի նման հաջողված աշխատանքի արդյունքում Ֆիջիի կառավարությունը ժամանակին Ռուսաստանի ներկայացուցչին վտարեց իր երկրից»,- նշել է Սաակաշվիլին: Իսկ իր ներկայիս այցերը, այդ թվում՝ նաև խաղաղօվկիանոսյան ավազանի և աֆրիկյան երկրներ, ուղղված են Ռուսաստանի՝ նման փորձերն արգելափակելուն: «Վրաստանի ներկայիս կառավարության գործողություններն ու հայտարարությունները, որը համաշխարհային բանկի և այլ հեղինակավոր կազմակերպությունների բոլոր նախկին վարկանշային աղյուսակները սուտ է համարում, որը օգոստոսյան պատերազմի մեջ Վրաստանին է մեղադրում, միայն ամրապնդում է Պուտինի և Լավրովի դիրքերը»,- կարծում է Սաակաշվիլին: Նա նաև ընդգծել է, որ եթե երկրի ներսում այս հարցերի շուրջ չլինի միասնական դիրքորոշում, Վրաստանը Ռուսաստանի դեմ այս պայքարում կպարտվի:










































