Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հրադադարի վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել և հակամարտող կողմերին քաղաքական երկխոսության կոչ արել: Այս մասին նա հայտարարել է Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Ամենուրեք և 100 տոկոսով չէ, որ հրադադարը պահպանվում է: Սակայն առաջին անգամ դադար վերցնելու հնարավորություն է հայտնվել»,- ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ Սիրիայի շատ հատվածներում, «ինչպես երևում է, զգալիորեն ավելի հանգիստ է եղել»:
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ժամի հետ, որի ընթացքում պահպանվում է հրադադարը, միլիոնավոր սիրիացիների համար՝ ոչ միայն երկրում ապրողների, այլև նրանց համար, ովքեր հակամարտությունից և ահաբեկչությունից փախել են աշխարհով մեկ, աճում է Սիրիայում խաղաղության հույսը:
«Նախևառաջ պետք է սկսվի իրական քաղաքական երկխոսություն ընդդիմության և ռեժիմի միջև: Առանց իսկական քաղաքական փոփոխությունների հրադադարը հավերժ չի լինի»,- ընդգծել է Շտայնմայերը:









































