Իրաքի ԱԳ նախարարությունը Բաղդադում ԱՄԷ-ի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված Իրաքի շիայական աշխարհազորի մասին ԱՄԷ-ի ԱԳ նախարար Աբդալլաh բին Զաեդ Ալ-Նահայանի արած հայտարարության հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մոսկվայում իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ Ալ-Նահայանը հայտարարել է, որ «չի կարելի տարբերություն դնել ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և Սիրիայում ու Իրաքում խմբավորումների միջև, որոնց աջակցում է Իրանը»:
«Եթե մենք ցանկանում ենք ոչնչացնել ԴԱԻՇ-ին և «Ջեբհաթ ան-Նուսրային», չի կարելի ուղղակի հետևել «Աբու ալ-Ֆադլ ալ-Աբասի բրիգադին», «Բադր» կազմակերպությանը, «Ալ-Հաշդ աշ-Շաաբիին» (Իրաքի շիայական աշխարհազոր), «Հըզբոլահին» Սիրիայում և Իրաքում»,- մեջբերում է CNN Arabic հեռուստաալիքը նախարարի խոսքերը:
Իրաքի ԱԳ նախարարությունը այդ հայտարարությունը համարել է երկրի ներքին գործերին միջամտություն և նշել, որ աշխարհազորը ղեկավարում են պետությունը և երկրի գերագույն հրամանատար, վարչապետ Հայդեր ալ-Աբադին: Վարչապետը ավելի վաղ նույնպես քննադատել էր Ալ-Նահայանի խոսքերը՝ նշելով շիայական աշխարհազորի ունեցած դերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:










































