Սիրիական բանակի հրամանատարությունը դիմել է Դումա և Ջոբար բնակավայրերի քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել զինված ուժերին՝ գրոհայինների փոքրաթիվ ջոկատներին ճնշելու նպատակով, որոնք հրաժարվել են հրադադարից: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունը:
«Սիրիական բանակի ընդհանուր հրամանատարությունը այդ վայրերի բնակիչներին կոչ է անում ճնշում գործադրել փոքրաթիվ ահաբեկիչների վրա, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և խաթարել ընդհանուր ջանքերը, որոնք ձեռնարկվել են այդ տեղանքի խաղաղության և կարգուկանոնի ապահովման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Սիրիական բանակի հրամանատարությունը Դամասկոսի արևելյան արվարձանի քաղաքացիներին կոչ է արել նաև միանալ տեղային հրադադարին և հրաժարվել ռազմական գործողություններից, այդ թվում՝ բնակելի թաղամասերի ականանետային ռմբակոծումներից:









































