Ռուս-թուրքական լարվածության այս փուլում դեռևս չկան հիմքեր ենթադրելու, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրումն ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, Մելիք-Շահնազարյանն ասաց, թե ընդհանրապես այնքան էլ իրատեսական չի համարում ռուս-թուրքական զինված բախումը, թեև ռուս-թուրքական դիմակայության հետևանքով անվտանգության միջավայրի տեսակետից Հայաստանի համար խնդիրները շատանում են:
Քաղաքագետն ավելի իրատեսորեն է նայում իրադարձություններին և ամենևին չի ոգևորվել ռուս-թուրքական պատերազմի հեռանկարից, թե Ռուսաստանը կարող է պատմական Հայաստանի ինչ-որ տարածքներ վերադարձնել մեզ. «Մենք պետք է հասկանանք, որ այդ հակամարտության մեջ Ռուսաստանն իր շահերն է հետապնդում, Թուրքիան՝ իր շահերը, և հայկական շահերն այստեղ երկրորդական կամ երրորդական նշանակություն ունեն իրենց համար: Հակամարտությունը այլ ոլորտներին է վերաբերում, մեզ քիչ է վերաբերում: Ընդհանրապես Հայաստանի գլխավոր շահը նման իրավիճակներում հակամարտության դաշտի չվերածվելն է, այսինքն՝ թույլ չտալ, որպեսզի որևէ կերպ տուժի հայկական պետությունը այլ խնդիրների համար մղվող պայքարի հետևանքով»:
Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև հարցը, թե ինչո՞ւ է, ի վերջո, ռուսական կողմը խախտել պայմանագրի կետը գաղտնիության պահպանման մասին և հրապարակել վարկային համաձայնագրով Հայաստանին մատակարարվող զինատեսակների ցանկը:
«Ես չգիտեմ՝ այդ արտահոսքը համաձայնեցված է եղել, թե ոչ և ինչու է եղել, որովհետև այդ պայմանագրում կար կետ կոնֆիդենցիալության մասին: Բայց անկեղծ ասած՝ վնաս չեմ տեսնում Հայաստանին այս ամենից: Հնարավոր է՝ կար նպատակ Ադրբեջանին զգուշացնելու մեր նոր ռազմական պոտենցիալի մասին և կիրառել որպես Ադրբեջանի հասարակության վրա բարոյական ճնշման նոր մեխանիզմ: Բայց քանի որ չգիտեմ տեղեկատվական արտահոսքի հիմնական նպատակների մասին, ապա ենթադրում եմ և՛ ամենալավը, և՛ ամենավատը»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում











































