Կոսովոյում խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է արտգործնախարար Հաշիմ Թաչիին՝ հայտնում է AP գործակալությունը։
Ընտրության ժամանակ անցկացվել են բողոքի ցույցեր խորհրդարանի շենքում և շենքից դուրս։ Ընդդիմադիրները դահլիճում երկու անգամ արցունքաբեր գազ են արձակել, ակտիվիստները փողոցում դյուրավառ հեղուկով շշեր են նետել։
Նրանց դժգոհությունն է առաջացրել այն, որ գործող իշխանությունները, այդ թվում և Թաչին, Սերբիայի հետ համաձայնագրի շրջանակում երկրամասի տարածքում էթնիկ սերբական փոքրամասնությանն ավելի շատ ինքնավարություն են տրամադրում։
Ներկայիս նախագահ Ատիֆետե Յահյագայի մանդատն ավարտվում է ապրիլի 7-ին։
Կոսովոյում նախագահի դերը գերազանցապես արարողակարգային է։ Լիազորությունների ժամկետը 5 տարի է։
Սերբիայից Կոսովոյի անկախացումը հռչակվել է 2008 թվականին։ Ներկա պահին Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել է ավելի քան 90 երկիր։









































