«Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավիթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքի մոտ 150 բնակարանատերեր, ինչպես նաև նույն ընկերության կողմից խաբված Փափազյան շենքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ֆինանսների նախարարության շնեքի առջև՝ պահանջելով տալ իրենց հասանելիք բնակարանները:
Բանն այն է, որ բնակիչները պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ, ըստ որի՝ վճարել են գումար (ոմանք՝ ամբողջությամբ, ոմանք՝ մասամբ) և պետք է մինչև 2010 թվականի սկզիբը ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ իրենց բնակարաններ չեն տվել՝ ասելով, թե ընկերությունը սնանկ է ճանաչվել և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: Բնակիչներից ոմանք հիմա ապրում են վարձով բնակարաններում, ոմանք բանկից են գրավ վերցրել՝ բնակարան գնելու համար, ոմանց ամուսինն է երկար տարիներ Ռուսաստանում աշխատել՝ բնակարան ձեռք բերելու համար, սակայն այսօր չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք բնակարանները:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նրանց հետ: Ոմանք զայրույթով, ոմանք հույսով սպասում են, որ գոնե կառավարությունը կաջակցի իրենց, քանի որ կարծում են, թե «Տոնուս» ընկերության սեփականատեր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը այս գործում ոչինչ է և ոչ մի անգամ իրենց հետ չի հանդիպել, քանի որ պատասխան չունի իրենց տալու:
Հավելենք, որ բնակիչներից մեկը մյուսներին խորհուրդ է տվել դատարանի միջոցով այս հարցը լուծել, սակայն մյուսները միամտություն են համարում հարցը այդ կերպ լուծելու առաջարկը՝ ասելով, որ դատարանները սպասարկում են իշխանություններին, և, բնականաբար, նրանց որոշումը հօգուտ նրանց կլինի: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ բանկից գումար է վերցրել և տվել ընկերությանը՝ բնակարան ձեռք բերելու համար
Նշենք, որ ակցիայի սկզբում մասնակիցներից 4-ը կարողացան ներս մտնել ֆինանսների նախարարություն և զրուցել ֆինանսների նախարարի հետ, ով խոստացել է լուծել իրենց խնդիրը մինչև հունիս ամիս: Բնակիչներից ոմանք չեն հավատում այդ խոստմանը, ոմանք էլ այնքան ոգևորվեցին, որ բացականչում էին՝ «Կեցցե մեր կառավարությունը», ազատեք ֆինանսների նախարարության շենքի տարածքը, որ մարդիկ կարողանան հանգիստ աշխատել և այլն:
Մանրամասները կարող եք դիտել մեր տեսանյութում:









































