ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այդ նախագծին դեմ քվեարկելը քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստման դրժում էր:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը 48 կողմ, 58 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության դիմումը՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Ի դեպ, ձեռնպահ քվեարկողներից մեկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: «Դա լավ նշան է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ նախագահի քվեարկության կապակցությամբ:
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կողմ է քվեարկել այդ նախագծին: Խորհրդարանում խոսակցություններ են շրջանառվում, որ իր այդ քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանը իրեն մաքրեց մարտի 1-2-ի իրադարձություններից:
Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը այսօր ԱԺ էր եկել հենց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված մի փաստաթղթի համաձայն՝ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակողները հիմնականում օլիգարխների թիկնապահներն էին: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ՊՆ զորամասերից մեկից ամենաշատ զինվորական համազգեստ ստացել էր Գագիկ Ծառուկյանը, և այդ մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հանրահավաքային ելույթներից մեկում նույնպես հայտարարել էր: Նա ասել էր՝ ոստիկանները չեն կրակել մարդկանց վրա, կրակողները եղել են օլիգարխների թիկնապահները:
Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ձեռնպահ քվեարկելու դեպքում էլ կարծիքներ են շրջանառվում, թե նա դեմ չի քվեարկել, որովհետև ԱԺ նիստին հանձնաժողով ստեղծելու մասին հրապարակային խոստում էր տվել ՀԱԿ-ին:











































